Դավիթ Սաֆարյանն այն հայ մարզիկներից է, ով միշտ հաճույքով է պատասխանում լրագրողների, մանավանդ PanARMENIAN.Net-ի հարցերին: Բացառություն չէր նաև բլից-հարցազրույցը, որն անցավ թեթև ու հետաքրքիր միջավայրում:
Ըմբշամարտի հետ կապված քո առաջին հիշողությունը:
Առաջին անգամ երբ գորգ դուրս եկա, ամեն ինչ հիանալի ստացվեց, որովհետև մինչ այդ տանը եղբորս հետ միշտ մենամարտում էի, ու մեր տունը կարծես դահլիճ լիներ: Միանգամից զգացի, որ իմն է ըմբշամարտը:
Քո ձեռագիրը գեղեցի՞կ է:
Այդքան էլ չէ:
Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը:
Թանկ է երևի:
Սիրո՞ւմ ես չիփս ուտել:
Սիրում եմ, բայց շատ չեմ ուտում:
Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում:
Ես չեմ փակում: Կարծեմ, ոնց որ չեն փակում: Սրանից հետո ուշադիր կլինեմ փռշտալիս:
Ո՞ր քաշային կարգում է հանդես եկել գլխավոր մարզիչդ:
68 կգ:
Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում կանանց մեջ:
Շատ բան: Բայց կառանձնացնեմ անլրջությունը:
Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու անգլիացիները:
Չգիտեմ: Որ Օլիմպիական խաղերից վերադառնամ, այն ժամանակ կպատմեմ ձեզ առանձնահատկությունների մասին:
Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը:
«Վիտամին ակումբ», «Քոմեդի քլաբ»: Սիրում եմ նաև քաղաքական հաղորդումներ դիտել:
Ո՞վ է հայ առաջին Օլիմպիական չեմպիոնը:
Ամոթ է, բայց չգիտեմ:
Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել:
Պեկինի, բոլորն էլ բրոնզե մեդալներ:
Քո նախընտրած հանգստի տարբերակը:
Ակտիվ հանգիստ չեմ սիրում: Սիրում եմ պառկել իմ սենյակում ու հանգստանալ:
Քո սիրած մուլտֆիլմը:
«Դե սպասիր»:
Հավանո՞ւմ ես մեր ոստիկանների նոր համազգեստը:
Այո, դուրս շատ է եկել:
Երբեմն ես կարոտում եմ…
Ծնողներիս:
Երբ ես փոքր էի երազում էի…
Օլիմպիական ոսկե մեդալի մասին:
Իմ անունը դրել են Դավիթ, որովհետև…
Մայրիկիս սիրած անունն է:
Ես սիրում եմ գումար ծախսել…
Շորեր և համով ուտելիք գնելու վրա:
Ինձ խենթացնում է, երբ …
Հաղթում եմ:
Բոլորից համեղ պատրաստում է …
Մայրիկս: