«Ես հաճելիորեն զարմացած էի, երբ եկա Երևան…»,- խոսքը սկսեց պարոն Աթալլան,- «Մինչև ժամանելն իմ ընկերները շատ հակասական կարծիքներ էին հայտնել Հայաստանի մասին, ոմանք ասում էին, որ այստեղ չկա էլեկտրականություն, և Երևանը քաոսային քաղաք է, մյուսներն ասում էին, որ Երևանը հիանալի քաղաք է և այլն»:
Այսքան հակասական կարծիքները ստիպեցին Աթալլային գալ Երևան առանց ինչ-որ նախապաշարմունքների, որպեսզի ստեղծի իր, մյուսներից առանձին տպավորությունները:
Երևանում ամենաաչքի ընկնող երևույթն Աթալլայի համար անվտանգությունն էր, որը նա զգաց՝ լինելով այստեղ. «Երևանը շատ անվտանգ քաղաք է: Բացի դրանից, ինձ դուր է գալիս եղանակը, չնայած նրան, որ խոնավությունն ավելի քիչ է, քան Լիբանանում, մարդիկ բավական բարյացակամ են, խոսում են նորմալ անգլերենով, այստեղից Լիբանան ինքնաթիռով երկու ժամ է…Այսինքն, կարելի է ասել, ես բավական շատ առավելություններ գտա Հայաստանում աշխատանքի մեջ»:
Քանի որ Հայաստանում ծով չկա, Աթալլան հաճախ է լինում Սևանա լճում: Ինչպես կիսվեց նա PanARMENIAN.Net-ի հետ, հենց Սևանա լիճ կատարած ուղևորություններից մեկի ժամանակ նրա հետ պատահել է մի դեպք:
«Մի անգամ մենք մեծ պատվիրակությամբ մեկնեցինք Գեղարդ, որտեղ եպիսկոպոսը հյուրիասիրեց մեզ տեղի համեղ մեղրով: Մեղրն այնքան լավն էր, որ մենք չափից շատ կերանք այն: Իսկ Գեղարդից հետո մենք պետք է մեկնեինք Սևան, քանի որ հրավիրված էինք ճաշի: Պատկերացնում եք, ինչ վատ զգացինք մեզ, երբ պարզվեց, որ ճաշացանկի մեջ մտնում են բացառապես ձկնային ուտեստներ, որոնք մենք նույնիսկ չփորձեցինք»:
Լիբանանցիների մեծամասնությունը նախընտրում է Ամանորը դիմավորել տանը հարազատների հետ, իսկ ոմանք նշում են ակումբներում կամ ընկերների հետ: Սովորաբար այս շրջանում շատ լիբանանցիներ մեկնում են արտասահմանից հարազատներին տեսնելու համար, և Լիբանանում նախատոնական շրջանում միշտ եռուզեռ է տիրում: