Ապրիլի 30-ին աշխարհի ջազի սիրահարներն առաջին անգամ կնշեն Ջազի միջազգային օրը: Այն հռչակել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովը անցյալ տարվա վերջում, հայտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամլո ծառայությունը:
Տոնակատարությունը կսկսվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում՝ Փարիզում, ապրիլի 27-ին վարպետության դասերով, ջազային իմպրովիզացիաների դասերով, կլոր սեղաններով: Նույն օրը երեկոյան ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Հերբի Հենքոկը համերգ կտա Տանյա Մարիայի, Ջերալդ Քլեյթոնի, Միշել Էլ Մալեմի, Դի Դի Բրիջուոթերի, Հյու Մասեկելի և այլոց մասնակցությամբ:
Ապրիլի 30-ին տոնակատարությունը կշարունակվի Նոր Օրլեանում, որը համարվում է ջազի հայրենիքը:
Նույն օրը ՄԱԿ ԳՎ շենքում՝ Նյու Յորքում տեղի կունենա ևս մեկ համերգ, որի կազմակերպիչն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան: Ավելի ուշ, համերգի ձայնագրությունը կհեռարձակվի ՄԱԿ ռադիոյով: