27 մարտի 2012 - 16:49 AMT
Սիմֆերոպոլում կբացվի հայկական գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես

Ապրիլի 6-ին Սիմֆերոպոլում՝ Ի. Ֆրանկոյի անվան Ունիվերսալ գիտական գրադարանում, կկայանա հայկական հրատարակությունների ցուցահանդեսը՝ նվիրված հայկական գրատպության 500-ամյակին: Այդ մասին Analitika.at.ua-ին հաղորդել է Ղրիմի հայկական միության նախագահ Վահան Վերմիշյանը:

Ցուցահանդեսում կցուցադրվեն տարբեր հազվագյուտ հայկական հրատարակություններ, ինչպես նաև կներկայացվեն 20-րդ դարի եզակի գրքեր, թերթեր և ամսագրեր՝ հրատարակված Ղրիմի հայկական միության կողմից վերջին 20 տարում, հայկական մանրանկարների պատճեններ և այլն:

Միջոցառմանը կմասնակցեն Ղրիմի ինքնավար հանրապետության կրթության և գիտության նախարարության, մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, գիտական շրջանների, Ղրիմի Հայ գրողների, նկարիչների միության անդամներ և այլն:

Ուկրաինայի ներկա տարածքում հայկական գրատպության պատմությունը հայտնի է 1616-ից, երբ Լվովում Տեր-Հովհաննես Քարմատանենցը հիմնել է հայկական տպագրություն:

1860-ին Թեոդոսիայում բացված Ղրիմում առաջին հայկական տպագրությունը կապված է արքեպիսկոպոս Գաբրիել Այվազովսկու անվան հետ, ում 200-ամյակը նշվում է այս տարի: