Սիրիայի ազգային խորհուրդը (ՍԱԽ) ողջունում է Դամասկոսի որոշումը Սիրիայում ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի` սիրիական հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկն ընդունելու մասին, երեքշաբթի օրը հայտնել է ընդդիմության ներկայացուցիչ Բասմա Կոդմանին:
ՍԱԽ-ը հույս է հայտնել, որ վարչակարգի կողմից ծրագրի ընդունումը կհանգեցնի ճնշումների և արյունահեղության դադարեցման:
Սիրիայի ղեկավարությունը մարտի 27-ին համաձայնել է երկրում իրավիճակի խաղաղ կարգավորման ծրագրի իրականացմանը:
Ծրագիրն առաջարկել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Աննանը և աջակցություն է ստացել ՄԱԿ-ի ԱԽ կողմից, հաղորդում է Agence France-Presse-ը:
«Սիրիական կառավարությունը Աննանին նամակ է հղել, որում նրա նախաձեռնությանը դրական պատասխան է տրվել»,-հաղորդել է նախարարների աշխատասենյակի ներկայացուցիչ Ահմադ Ֆաուզին:
Reuters-ը նշում է, որ Աննանն արդեն հաստատել է, որ ստացել է սիրիական իշխանությունների պատասխանը և ուսումնասիրում է այն:
Սիրիական ճգնաժամի կարգավորումը նախատեսում է երկու կողմերի կողմից էլ բռնության դադարեցում, Սիրիայի գործերին արտաքին միջամտության բացառում, հումանիտար կազմակերպությունների մուտքը երկիր և մոնիտորինգի մեխանիզմի ստեղծում:
Պաշտոնական Դամասկոսն ավելի վաղ հայտարարել էր, որ համաձայն է կարգավորման ծրագրի դրույթներին, սակայն կային հստակեցման ենթակա որոշ հարցեր: