30 մարտի 2012 - 18:49 AMT
15 ոստիկաններ վերապատրաստում են անցել

Համայնքային ոստիակության ուսուցանողների վերապատրաստման ծրագիրը ավարտելու կապակցությամբ, այսօր ՀՀ 15 ոստիկանների շնորհվել են վկայականներ:

Երեք շաբաթ տևած դասընթացի ավարտին ոստիկաններին վկայականներ են հանձնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը և ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Ինչպես PanARMENIAN.net-ին տեղեկացնում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակից, վկայական ստացողների կազմում էին ոստիկանության ուսումնական համալիրի հինգ դասավանդող և օպերատիվ ծառայության տասը սպաներ հրամանատարական պաշտոններում:

Ոստիկանների համայնքային ոստիկանության հմտություններին միտված ծրագրի ընթացքում ոստիկանները ձեռք են բերել տեսական մի շարք հմտություններ, քննարկել են Հայաստանում համայնքային ոստիկանության ներդրման խոչընդոտները ոստիկանության և քաղաքացիների տեսանկյուններից, ինչպես նաև դրանք հաղթահարելու ուղիները: Վերջին շաբաթվա ընթացքում մասնակիցները հանդես եկան սեփական զեկույցներով հանձնարարված թեմաների շուրջ` ներկայացնելու իրենց ձեռքբերած գիտելիքներն ու հմտությունները: