2 ապրիլի 2012 - 12:50 AMT
«Գևորգյան մարտարվեստի դպրոցը» հրավիրում է ռազմահայրենասիրական դաստիարակության մասին քննարկման

«Անի պլազայի» Նաիրի սրահում ապրիլի 3-ին՝ ժամը 15.00-ին, տեղի կունենա «Ռազմահայրենասիրական դաստիարակության մոտեցումները» թեմայով խորհրդաժողով:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են Գևորգյան մարտարվեստի դպրոցից` միջոցառման նպատակն է քննարկել և մշակել ռազմահայրենասիրական դաստիարակության մոտեցումների տարբերակ, որի շուրջ հնարավոր կլինի ձևավորել միասնական հայեցակարգ:

Խորհրդաժողովին մասնակցելու են հասարակական կազմակերպություններ, մշակութային և կրթական կենտրոններ ներկայացնող շուրջ 100 անձինք, ինչպես նաև ՀՀ կառավարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ:

Խորհրդաժողովի ընթացքում զեկույցով հանդես կգան «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-կենտրոնի նախագահ, ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը, «Միջմշակութային ուսումնասիրությունների կենտրոնի» փոխնախագահ Արեգ Թադևոսյանը և այլք:

Կազմակերպիչն է ՀՀ պաշտպանության նախարարության Սպայի տանը գործող «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնը: