2 ապրիլի 2012 - 18:54 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ջոն Հեֆերն. Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը հիմա ավելի ամուր է, քան երբևէ

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմանի հարաբերությունները հիմա շատ սերտ են և օրեցօր ուժեղանում են, իսկ համագործակցությունը շատ խորն է և ամուր, քան երբևէ: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակի առթիվ կայացած միջոցառմանը: «Մեր երկխոսությունը գտնվում է ամենաբարձր մակարդակում: Նախագահ Սարգսյանն արդեն հանդիպել է նախագահ Օբամայի հետ, իսկ պետքարտուղար Քլինթոնը 18 տարվա մեջ առաջին անգամ եղել է այստեղ, և հուսով ենք, որ այս տարի կրկին կայցելի Հայաստան»,- նշել է նա:

Դեսպանը նշել է, որ երկրները համագործակցում են ամենատարբեր ոլորտներում, նշելով, որ ԱՄՆ-ը փորձում է օգնել Հայաստանում ժողովրդավարության կայացման, բարեփոխումներ իրականացնելու գործում: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է ավելի ամրապնդել տնտեսական համագործակցությունը, ավելացնել երկրների միջև ապրանքաշրջանառությունը: «Այն կազմում է տարեկան 200-250 մլն դոլար: Պետք է միջոցներ գտնել երկկողմանի առևտուրը և Հայաստանում ներդրումների ծավալն ավելացնելու համար: Կարծում եմ, որ դա լավ կլինի թե Հայաստանի, թե ԱՄՆ-ի համար»,- նշել է Հեֆերնը:

Ինչ վերաբերվում է Իրանի վրա ԱՄՆ ռազմական հարվածի դեպքում Հայաստանի համար հնարավոր հետևանքների մասին հարցին, ապա դեսպանը կոնկրետ չի պատասխանել և նշել է, որ ԱՄՆ-ը համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ անվտանգության հարցերում:

ՖՈՏՈՇԱՐՔ