3 ապրիլի 2012 - 16:05 AMT
Փորձագետ. Ֆրանսիան ԵՄ-ով փոխարինելու մասին հարցի արծարծումն Ադրբեջանի ձեռքի գործն է

«ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատը Եվրամիությունով փոխելու մասին հարցի բարձրացումն Ադրբեջանի ակտիվ քաղաքականության արդյունքն է»,- այսօր մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Ամենայն հավանականությամբ, ԵՄ-ն Ֆրանսիային չի փոխարինի, քանի որ Մինսկի խումն արդեն վաղուց կայացած ձևաչափ է, որտեղ դերերը բաժանված են և գործող համանախագահները լիովին գոհ են խմբի կազմից: Քաղաքագետը համոզմունք է հայտնել, որ եթե նույնիսկ գործընթացը շարժվի, Հայաստանը դրան չի համաձայնվի, իսկ քանի որ պահանջվում է բոլոր կողմերի համաձայնությունը, ապա որոշում չի ընդունվի:

Շահնազարյանի կարծիքով, Ադրբեջանի նպատակը ոչ թե գործընթացի մեջ հենց Եվրամիության մտնելն է, այլ ձևաչափի փոփոխության նախադեպ ստեղծելը: Նա մշտապես դժգոհ է ՄԽ-ից և ցույց է տալիս իր դժգոհությունը: Երկրորդ, Ադրբեջանը ցանկանում է ցուցադրել իր ուժը, դերը և ակտիվությունը: Նա ձգտում է իր դերն ուժեղացնել Հարավային Կովկասում, դրա համար փորձում է ցույց տալ իր վճռականությունը: Ուշադրությունը շեղելով արտաքին հարցերի վրա՝ իշխանություններն ամրապնդում են տոտալիտար քաղաքականությունը, ամրապնդում համակարգը և ոչնչացնում ընդդիմությանը, եզրափակել է փորձագետը: