6 ապրիլի 2012 - 18:27 AMT
Էդուարդ Շարմազանով. 20-րդ դարում էլ եղան Վարդան Մամիկոնյաններ

Այսօր կառավարության նիստերի դահլիճում կայացավ Ազատամարտի վետերանների միության (ԱՎՄ) հինգերորդ հերթական համագումարը: Համագումարում քննարկվեցին ԱՎՄ օրակարգային մի շարք հարցեր:Մեկ րոպե լռությամբ Հայրենական և Արցախյան պատերազմների վետերանների հիշատակը հարգելուց հետո համագումարը համարվեց բացված:

Համագումարին մասնակցում էր ԱՎՄ մայրաքաղաքային և մարզային կառույցների անդամենրի մեծ մասը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

ԱՎՄ նախագահ Համլետ Հովսեփյանը ներկաներին փոխանցեց ՀՀ նախագահի ուղերձը համագումարի մասնակիցներին: Նա ներկայացրեց նաև իր զեկույցը, որտեղ մատնանշում էր հայ իրականության մեջ առկա մի շարք խնդիրներ, անդրադառնալով ազատամարտիկներին նա ասաց, որ այսօր Հայաստանում նրանք դարձել են սոցիալապես անապահով խավ:

Ներկաներին ողջունեց նաև Էդուարդ Շարմազանովը, ով կարևորեց ազատամարտիկների դերը երիտասարդ սերնդի դաստիարակության գործում: Նա ասաց. «Դուք ապացուցեցիք, որ 20-րդ դարում էլ եղան Վարդան Մամիկոնյաններ: Մեր ժամանակի հերոսները ոչ թե պետք է լինեն զոռբաները այլ դուք»:

Ելույթներից հետո համագումարը անցավ իր աշխատանքային օրակարգին` լսելով մարզերի և մայրաքաղաքի ներկայացուցիչների զեկույցները: