6 ապրիլի 2012 - 18:28 AMT
Չինաստանը կցանկանար էլ ավելի ամրապնդել երկկողմ համագործակցությունը Հայաստանի հետ

Հայաստանի և Չինաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Հու Ցզինտաոն շնորհավորական հեռագրեր են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ: «Չինաստանի ու Հայաստանի հարաբերությունները փոխշահավետ զարգացում են ապրել վերջին 20 տարում, արդյունավետ համագործակցություն է հաստատվել առևտրի, ներդրումների, կապի, գյուղատնտեսության, տեխնիկայի և մշակույթի ոլորտներում»,-ասվում է Հու Ցզինտաոյի նամակում: Երկու երկրները նաև ակտիվորեն մասնակցել են միջազգային և տարածաշրջանային հարցերի քննարկմանն ու համակարգմանը, հավելել է նա: Չինաստանի նախագահը հայտարարել է նաև, որ Չինաստանը կցանկանար 20-ամյա հոբելյանը դիտարկել որպես երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման, գործարար համագործակցության հետագա ակտիվացման հիմք:

Իր հերթին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու երկրների ջանքերի շնորհիվ վերջին երկու տասնամյակում երկկողմ համագործակցությունն ամրապնդվել է քաղաքականության, առևտրի, արդյունաբերության, տեխնիկայի, պաշտպանության, մշակույթի, կրթության ու սպորտի ոլորտներում: Չինաստանի հետ համագործակցության զարգացումը միշտ եղել է Հայաստանի դիվանագիտական առաջնայնություններից մեկը, ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ Երևանը բարձր է գնահատում Չինաստանի սկզբունքային դիրքորոշումը աշխարհում խաղաղության պահպանման հարցում: Նա նշել է, որ Հայաստանը ցանկանում է հետագայում ևս աշխատել Չինաստանի հետ միջազգային կառույցներում և զարգացնել երկկողմ հարաբերությունները՝ բարձրացնելով դրանք նոր մակարդակի: ԱԳ նախարարները ևս շնորհավորական ուղերձներ են փոխանակել: