8 ապրիլի 2012 - 16:08 AMT
Իրինա Թովմասյան. Հայ սպառողները գնալով ավելի շատ են գերապատվությունը տալիս բրենդային խանութներին

Հայ սպառողները վերջին տարիներին գնալով ավելի շատ են գերապատվությունը տալիս բրենդային խանութներին, բրենդերը սկսում են ճաշակ թելադրել, PanARMENIAN.Net գործակալությանն է հայտնել Հայաստանում ALDO բրենդի մարքեթինգի, գովազդի և փիարի գծով տնօրեն Իրինա Թովմասյանը: Նրա խոսքով՝ դրա վկայությունը Երևանում բացվող ամենատարբեր բրենդերի նորանոր խանութներն են: «Մարդիկ աստիճանաբար հասկանում են, որ երբ պաշտոնական բրենդն է ներկայացված, ոչ մի խաբեություն լինել չի կարող, որ այստեղ ամեն ինչ ամենաբարձր մակարդակով է, ամեն ինչ համապատասխանում է միջազգային չափանիշներին»,- հայտնել է Թովմասյանը ALDO բրենդի 40-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ:

Թովմասյանը դրական է գնահատել այդ միտումը՝ նկատելով, որ «որքան մեզ մոտ շատ ներկայացված լինեն զանազան բրենդեր, այնքան բարձր կլինի հայ սպառողի ճաշակը, այնքան ավելի մեծ հաճույքով նա կգնա գնումների»: Նա նկատել է նաև, որ այժմ մի շարք բրենդային խանութներում գներն ավելի ցածր են, քան ոչ բրենդայիններում:

Ինչ վերաբերում է ինքնին միջոցառմանը, ապա Թովմասյանը նշել է, որ իր հիշելով Հայաստանում առաջին անգամ է ինչ-որ հանրահայտ բրենդի հոբելյան նշվում: Այն հարցին, թե ինչն է իրենց դրդել նման միջոցառում կազմակերպել, նա պատասխանել է. «Բրենդն ինքնին շատ հետաքրքիր պատմություն ունի: Եվ երբ բրենդը 40 տարեկան դարձավ, մենք չէինք կարող չներկայացնել այն»: