«Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցությունները սկսել են նախընտրական քարոզարշավը հանդիսավոր միջոցառումներով «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում և Հանրապետության հրապարակում:
«Այսօր մենք սկսում ենք մեր նախընտրական քարոզարշավը և մեր հաղթանակները»,-միջոցառման բացմանն ասել է «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը: Դրանից հետո նա բեմ է հրավիրել իր խոսքով, «նոր Հայաստանի առաջնորդ» Րաֆֆի Հովհաննիսյանին, որը հավաքվածներին է ներկայացրել «Ժառանգության» համամասնական ցուցակի անդամներին:
«Դեպի նոր Հայաստան, քաղաքացու իրավունքներ և ինքնիշխան Հայաստան, ազգային շահեր ճանապարհն այստեղ է սկսվում»,-հայտարարել է «Ժառանգության» առաջնորդը: Ըստ Հովհաննիսյանի, իրենք պատրաստվում են «առաջին և վերջին անգամ վերադարձնել իշխանությունը ժողովրդին»:
Բանախոսը հավելել է, որ կուսակցությունն առաջիկա ընտրություններում ոչ միայն մեծամասնություն կկազմի նորընտիր խորհրդարանում, այլ նաև կմասնակցի գործադիր, դատական և նախագահական իշխանությունների ձևավորմանը: «Ով չի հավատում հիմա, կհավատա 30 օրից»,-ասել է նա:
Միջոցառումների ավարտին հավաքվածները երթով գնացել են դեպի Ազատության հրապարակ:
Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում է ութ քաղաքական միավոր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգություն», Հայաստանի դեմոկրատական, Կոմունիստական, «Միավորված հայեր» կուսակցություններն ու Հայ ազգային կոնգրես դաշինքը: