10 ապրիլի 2012 - 19:17 AMT
Կառավարությունը դիտարկում է ողջ Հայաստանը որպես օֆշորային գոտի, հայտարարել է Տիգրան Սարգսյանը

Տարածաշրջանում բարձր աշխարհաքաղաքական ռիսկերը հաշվի առնելով՝ Հայաստանը որպես փոխհատուցում բարենպաստ պայմաններ է ստեղծում բիզնեսի համար: Այդ մասին ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով, տնտեսական ծրագրում արձանագրված է, որ գործարար միջավայրի բարելավումը Հայաստանի համար առաջնահերթություն է: «Ուստի ձեռնարկատիրության ազատության ինդեքսով մենք բավական լավ տեղ ենք զբաղեցնում աշխարհում: Ընդհանուր առմամբ Հայաստանում տնտեսական ազատությունը շատ բարձր է գնահատվում, և մենք պետք է այդ առավելությունը ցուցադրենք ներդրողներին»,- ասել է նա:

Բացի դրանից, ինչպես նշել է վարչապետը, ստեղծվում են մեխանիզմներ, որոնք գրավիչ են ներդրողների համար: Օրինակ, մասնավոր հատված-պետություն գործընկերությունը: «Մենք ստեղծել ենք աշխատող մեխանիզմներ, առավելությունների համակարգ մասնավոր ներդրողների համար, որոնք կապված են հարկային արտոնությունների հետ: 14 նման նախագծեր արդեն հաստատվել են կառավարության կողմից»,- ասել է նա:

Դրա հետ կապված Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ընդունել է ազատ առևտրի մասին օրենքը: «Բացի դրանից, մենք դիտարկում ենք ողջ Հայաստանը որպես օֆշորային գոտի, մենք փոքր տարածք ունենք, և այն պետք է ընդհանուր առմամբ գրավիչ լինի բիզնեսի համար»,- ասել է նա: