11 ապրիլի 2012 - 19:22 AMT
Երևանում ելույթ կունենան Պո և Կատել ֆրանսիական խմբերը

Ապրիլի 13-ին ժամը 19:00-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի է ունենալու Ֆրանսիայից ժամանած Պո և Կատել խմբերի համերգը, որը կազմակերպում է FRENCH BAZAR կազմակերպությունը` Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում:

FRENCH BAZAR կազամկերպության նպատակն է` նպաստել և զարգացնել մշակութային շփումը Հայաստանի, Ֆրանսիայի և ֆրանկոֆոն այլ երկրների (Բելգիա, Շվեցարիա և այլն) միջև հայ և ֆրանկոֆոն արվեստագետների մասնակցությամբ կենդանի համերգներ կազմակերպելով: Կազմակերպությունը նպատակ ունի Հայաստանում նպաստել Ֆրանկոֆոնիայի զարգացմանը,, հայ երիտասարդների շրջանում ֆրանսերենի և ֆրանսիական մշակույթի հանդեպ ունեցած հակման և ձգտման առաջընթացին:

Համերգի աջակիցն է Ֆրանսիական համալսարանը, Փարիզի քաղաքապետարանը, Բաս-Նորմանդիա մարզը, Գրենոբլ քաղաքը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը: Մուտքն ազատ է:

Ֆրանկոֆոնիան, որպես շարժում, միավորում է 75 պետություն, որոնցից 56-ը ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրներ են, 19-ը` դիտորդներ: Այդ կազմակերպության հովանու ներքո տոնվում են Ֆրանկոֆոնիայի օրերը, շաբաթները և ամիսները:

Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը միացել է 2008 թ-ին: Այս տարի Կինշասայի գագաթաժողովում երկրին շնորհվելու է լիիրավ անդամի կարգավիճակ:

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միամսյակի միջոցառումները սկսվել են մարտի 16-ին, Բիզեի «Կարմեն» օպերայի համերգային կատարմամբ: Պաշտոնապես միամսյակն ավարտվելու է ապրիլի 13-ին: