16 ապրիլի 2012 - 21:21 AMT
Կոռնելիա Պիպեր. ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատը ԵՄ մանդատով փոխարինելու կարիք չկա

«ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատը ԵՄ մանդատով փոխարինելու անհրաժեշտություն չկա»,- այսօր Երևանի պետական համալսարանի դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանը հայտնել է Գերմանիայի պետնախարար Կոռնելիա Պիպերը` պատասխանելով լրագրողի հարցին ԵԱՀԿ ՄԽ-ում ֆրանսիական մանդատի փոխարինման և այդ հարցի առնչությամբ Գերմանիայի դիրքորոշման մասին հարցին: Նրա խոսքով` այդ հարցի դիտարկմամբ զբաղվելու է եվրոպական խորհրդարանը, սակայն Գերմանիայի դիրքորոշումը նույնն է. ԳԴՀ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքն արդյունավետ է համարում և Ֆրանսիայի մանդատը փոխարինելու պատճառ չի տեսնում:

Մարտի 23-ին Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը փաստաթուղթ է ընդունել Հայաստանի վերաբերյալ, որտեղ առաջարկում է Ֆրանսիայի մանդատը ԵԱՀԿ Մինսկի խմբում փոխարինել Եվրամիության մանդատով:

Եվրախորհրդարանի փաստաթուղթը ենթադրաբար քվեարկության կդրվի մոտ ժամանակներս` լիագումար նիստում: