17 ապրիլի 2012 - 10:29 AMT
«Երկիր». ՀՀԿ-ի կողմից անձնագրեր հավաքելու գործընթացը հասել է Աշտարակ

«Երկիրը» գրում է, որ ՀՀԿ-ի կողմից անձնագրեր հավաքելու գործընթացը հասել է նաև Արագածոտնի մարզկենտրոն՝ Աշտարակ: Տեղի բնակիչներից մեկը «Երկիր»-ին պատմել է, որ եթե սկզբում մեկ անձնագրի համար ՀՀԿ-ն առաջարկում էր 5 հազար դրամ, ապա արդեն այսօր` խաղադրույքը կտրուկ աճել է` նախ դառնալով 10 հազար, հիմա արդեն 15 հազար դրամ: Թերթին դիմած քաղաքացին պատմել է, որ անգամ 15 հազար դրամ առաջարկի պայմաններում ՀՀԿ-ն չի կարողանում սանձել բնակչությանը և հավաքել անձնագրերը: Աշտարակցիները գումարը կանխիկ պահանջում են հիմա և ոչ թե ընտրության օրը: Մեծ մասն էլ որոշել է տալ անձնագիրը, վերցնել առաջարկվող գումարը, բայց քվեարկել ում օգտին ցանկանում է: «Մարդիկ որոշել են ՀՀԿ-ից վերցնել փողը, բայց ձայն չտալ նրան, ես էլ եմ այդպես անելու»,- նշել է քաղաքացին:

Թիվ 15 ընտրատարածքում ՀՀԿ-ն առաջադրել է Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանի թեկնածությունը, ում անցնելու շանսը շատ փոքր է: