17 ապրիլի 2012 - 18:16 AMT
ԿԲ-ն զգուշացնում է. Հայաստանում սկսել է գործել «MMM 2011 ֆինանսական բուրգ» սխեման

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին հայտնի է դարձել, որ Հայաստանի Հանրապետությունում սկսել է գործել «MMM 2011 ֆինանսական բուրգ» սխեման (Սերգեյ Մավրոդիի 1990-ականների սկզբից չարաբաստիկ «MMM» ֆինանսական բուրգի նոր տեսակը), հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը: Սխեմայի կիրառման հիմնական սկզբունքն է՝ մասնակցի ներդրած միջոցների բարձր տոկոսադրույքներով վերադարձը նոր մասնակիցների միջոցների ներգրավման հաշվին:

Նշված սխեմայով իրականացվող գործունեությունը ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված չէ և սխեմայում ներգրավված գումարների վերադարձը որևէ կերպ չի երաշխավորվում:

«MMM 2011 ֆինանսական բուրգը» որևէ առնչություն չունի Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկայի, դրանում ծավալվող ֆինանսական օրինաչափ հարաբերությունների հետ: Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական ծառայություններ, այդ թվում միջոցների ներգրավման հրապարակային գործընթացն իրավասու են իրականացնել բացառապես լիցենզավորված՝ կարգավորման ու վերահսկողության դաշտում գործող ֆինանսական կազմակերպությունները, որոնց գործունեությանը կարող եք ծանոթանալ այցելելով ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայք (www.cba.am):

ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է՝ առաջարկված սխեմայում ներգրավվելու դեպքում առկա է իրական վտանգ, որ քաղաքացիները կկրեն էական ֆինանսական, գույքային և այլ նյութական վնասներ: Կենտրոնական բանկը քաղաքացիներին ու կազմակերպություններին հորդորում է ձեռնպահ մնալ այս և նմանատիպ այլ վտանգավոր և խիստ ռիսկային ֆինանսական բուրգերում մասնակցությունից: Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: