18 ապրիլի 2012 - 13:47 AMT
ՀՀԿ պատգամավոր. Ընտրակաշառքների մասին խոսակցություններն անվստահություն առաջացնելու նպատակ ունեն

Ընտրակաշառքների մասին խոսակցություններն ուղղված են ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի դեմ, այլ առհասարակ ընտրական համակարգի նկատմամբ անվստահություն սերմանելու նպատակ ունեն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, համամասնական ցուցակով առաջադրված Արտակ Զաքարյանը:

Բանախոսը, խոսելով Նիկոլ Փաշինյանի նախընտրական վերջին հանդիպումների ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների մասին, նշեց, որ չի բացառում, որ ինտրիգներ հրահրել է երկրորդ կողմը, սակայն չմանրամասնեց` ինչ նկատի ունի. «Կոչ եմ անում մեր քաղաքացիներին չտրվել սադրանքների, քանի որ որոշ քաղաքական ուժեր այսպիսի գործողություններով փորձում են լարվածություն և ինտրիգներ ստեղծել ընտրապայքարի ընթացքում»:

ՀԱԿ մամլո ծառայությունը հայտնել էր, որ ապրիլի 15-ին 7-րդ ընտրատարածքում հարձակում է կատարվել ՀԱԿ-ից պատգամավորության թեկնածուի վրա: Ըստ հաղորդագրության, հարձակման արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել ՀԱԿ համամասնական ցուցակում ընդգրկված Բաբկեն Գալոյանը, ինչպես նաև թեկնածուներ Գայանե Առուստամյանն ու Զոյա Թադևոսյանը:

Նիկոլ Փաշինյանը, որը ՀԱԿ-ից առաջադրված է 7-րդ ընտրատարածքում, այդ հարձակաման համար մեղադրել է այդ ընտրատարածքում իր մրցակից Սամվել Ալեքսանյանին ու ՀՀԿ-ին: