18 ապրիլի 2012 - 16:28 AMT
Հայաստանյան ընտրություններին կհետևեն ICES եվրոպացի և ամերիկացի փորձագետները

Ընտրակարգերի միջազգային փորձաքննական կենտրոնի (ICES) դիտորդների առաքելությունը, ի դեմս 20 անկախ փորձագետների, որոնք ներկայացնում են ԵՄ երկրները, ԱՄՆ-ն ու Իսրայելը, հավատարմագրվել է ՀՀ ԿԸՀ-ում՝ արձանագրություն թիվ №120-Ա, 14.04.2012թ.:

Հայաստան ժամանող ICES առաքելության կազմում են Եվրախորհրդարանի, ինչպես նաև եվրոպական երկների ազգային խորհրդարանների անդամներ, քաղաքագետներ, իրավաբաններ ու լրագրողներ ԱՄՆ-ից, Կենտրոնական Եվրոպայից ու Իսրայելից, որոնք քաղաքական մոնիտորինգի մեծ փորձ ունեն: Առաքելության ղեկավարն է ICES նախագահ, Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ցինկերը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին է հայտնել առաքելության ղեկավար Ալեքսանդր Ցինկերը, ընտրությունների օրն առաքելությունը կլինի Երևանում, Գյումրիում, Վանաձորում ու մարզկենտրոններում: «Մեր խնդիրն է առավելագույնս լիարժեք ծանոթանալ ընտրական գործընթացին, տեղամասերի բացմանը, քվեարկությանն ու քվեների հաշվարկին»«-ասել է Ցինկերը: Նա նաև նշել է, որ առաքելությունը ստացել է ՀՀ Ընտրական օրենսգիրքը և հայկական ԶԼՄ-ների մոնիտորինգ է վարում ապրիլի 8-ից:

Առաքելության կազմում են Եվրախորհրդարանի պատգամավորներ Յոհանն Ստադլերը (Ավստրիա), Զիտա Գուրմանը (Հունգարիա), Ջոն Սվեյլսը ԱՄՆ-ից և Հայաստանում Իսրայելի առաջին դեսպան Բարուհ Բեն Ներիան:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքները կներկայացվեն մայիսի 7-ին երևանյան մամլո ասուլիսում:

ICES կենտրոնը ոչ կառավարական հասարակական կազմակերպություն է, այն ստեղծվել է 2005թ.: