18 ապրիլի 2012 - 18:09 AMT
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ISO նախագահին միջազգային չափանիշների ներդրմանն աջակցելու համար

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO) նախագահ Բորիս Ալյոշինին: «Ի դեմս ձեզ ստանդարտացման համակարգի ներդրման և կիրառման աշխատանքներում մենք ունենք լավ գործընկեր»,- ասել է վարչապետը:

Վարչապետը գոհունակություն է հայտնել Ստանդարտացման միջազգային կազմակերպության հետ համագործակցությունից և շնորհակալություն հայտնել Բորիս Ալյոշինին` ստանդարտացման համակարգի կիրառման աշխատանքներում Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար:

Վարչապետը և Ստանդարտացման միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են երկկողմ հետագա համագործակցությանը, ստանդարտացման համակարգի կիրառման նպատակով իրականացվող բարեփոխումներին, ազգային ստանդարտների` միջազգային չափանիշներին ներդաշնակեցմանը վերաբերող հարցեր:

Համաձայն Հայաստանի 2012 թ. ստանդարտացման ծրագրի` նախատեսվում է մշակել և գործողության մեջ դնել 85 միջազգային և եվրոպական ստանդարտ: