19 ապրիլի 2012 - 14:08 AMT
Այսուհետ Ուրուգվայի աշակերտներին ու ուսանողներին կպատմեն Հայոց ցեղասպանության մասին

Ընթացք տալով Ուրուգվայի Մարդու իրավունքների կազմակերպության առաջարկին՝ հանրային վարժարանների Կրթության Ազգային խորհուրդը որոշեց, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ը պետք է ներառվի հանրային վարժարանների ապրիլ ամսվա տեղական և միջազգային նշանակություն ունեցող թվականների օրացույցում:

Խորհրդի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ այլ նշանակալի տարեթվերի հետ մեկտեղ, Ապրիլի 24-ը կնշվի որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր և այդ կապակցությամբ Ուրուգվայի ողջ տարածքում գործող նախակրթական, միջին և բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցիչները պետք է իրազեկեն աշակերտենրին և խորհրդածելու առիթ ստեղծեն այդ ահավոր դեպքի պատճառների մասին կարծիք հայտնելու համար:

Ուրուգվայը, որն առաջինը 1965թ. պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, կրկին փաստեց, որ հավատարիմ է մնում իր սկզբունքներին և սատարում է Հայ Դատին: Խորհրդի որոշումը թույլ կտա դպրոցականներին ու ուսանողներին իրազեկ լինել Հայոց ցեղասպանության հարցում: