20 ապրիլի 2012 - 21:36 AMT
Երևանում տեղի են ունեցել հայ-վրացական քաղաքական խորհրդակցություններ

Ապրիլի 20-ին Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև: ՀՀ ԱԳՆ կողմից խորհրդակցությունները վարում էր փոխնախարար Շավարշ Քոչարյանը, իսկ Վրաստանի ԱԳՆ կողմից` առաջին փոխնախարար Նիկոլոզ Վաշակիձեն: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին հայ-վրացական երկկողմ օրակարգի քաղաքական, տնտեսական և գիտամշակութային ոլորտներին առնչվող հարցեր:

Հայ և վրացի դիվանագետներն անդրադարձան միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցության հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող խնդիրներին, ինչպես նաև մտքեր փոխանակեցին տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ:

Երկուստեք գոհունակություն արտահայտվեց երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև հաստատված տարբեր մակարդակներով պարբերական շփումների արդյունավետության կապակցությամբ և ընդգծվեց երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկայի պահպանման ու զարգացման կարևորությունը: