Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի անդամները այցելեցին «Հրազդան» մարզադաշտ:
Նրանք վերջերս նամակով դիմել էի ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին մարզադաշտի վերանորոգման աշխատանքներն իրականացնելիս հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիքները հաշվի առնելու խնդրանքով:
Հանդիպման ժամանակ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն կազմակերպությունների ղեկավարները պետք է շրջայց կատարեին մարզադաշտում, հարմարեցումների համար կոնկրետ առաջարկներ ներկայացնելու համար:
Վերանորոգման աշխատանքներն իրականացնող ընկերության աշխատակիցները պատրաստակամությամբ ուղեկցեցին դաշինքի ներկայացուցիչներին մարզադաշտի տարածք, ծանոթացրեցին ընթացիկ աշխատանքներին, նրանց հետ քննարկեցին նստատեղերի և սանհանգույցների հարմարեցման հնարավոր տարբերակները, PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել են դաշինքից:
Ըստ նախնական պայմանավորվածության, հատուկ ավտոկայանատեղեր կնախատեսվեն հաշմանդանություն ունեցող վարորդների համար:
Շրջայցի արդյունքում հարմարեցման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով որոշվեց նմանատիպ այցերը դարձնել պարբերական:
Դաշինքը սերտորեն կհամագործակցի ՀՖՖ-ի և «Հրազդանի» վերանորոգման աշխատանքներն իրականացնող ընկերության հետ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար մատչելի և միջազգային ստանդարտներին համապատասխան մարզադաշտ ունենալու նպատակով: