23 ապրիլի 2012 - 22:10 AMT
ՅՈՒՆԵՍԿՕ-ն բարձր է գնահատում Հայաստանի կողմից պատմամշակութային հուշարձանների պահպանման ուղղությամբ քայլերը

Ապրիլի 23-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր նստաշրջանի 36-րդ նիստի նախագահող Կատալին Բոգյայի և գլխավոր տնօրենի տեղակալ պարոն Գետաչև Էնգիդայի գլխավորած պատվիրակությանը, ովքեր Երևանում էին գտնվում «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Երևանում անցկացվող միջոցառումներին մասնակցելու համար և նշեց, որ իր անդամակցությունից ի վեր Հայաստանն արդեն 20 տարի է, ինչ ակտիվորեն մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության բոլոր ոլորտներին: Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբեր մարմիններում և ծրագրերում Հայաստանի ակտիվ ներգրավվածության հանձնառությունը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները, շնորհավորելով «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» շարքի միջոցառումների տպավորիչ մեկնարկի կապակցությամբ, նշեցին, որ միջոցառումների բազմազանությունը և ծավալը վկայում են Հայաստանի կողմից գրքին ու գրականությանը տրվող կարևորության մասին:

Զրուցակիցներն անդրադարձան մշակութային ժառանգության և բազմազմանության պահպանման հիմնախնդիրներին: Այս ենթատեքստում հյուրերը բարձր գնահատեցին Հայաստանի կողմից պատմամշակութային հուշարձանների պահպանման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Հայաստանի արտգործնախարարը հյուրերի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանում հակայակական և ռասիստական քարոզչության, ինչպես նաև հայկական պատմական ժառանգության ոչնչացման քաղաքականության վրա, որի արդյունքում համաշխարհային արժեք ներկայացնող հազարավոր հուշարձաններ իսպառ անհետացել են:

Հանդիպմանը քննարկվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իրականացվող ծրագրերին Հայաստանի մասնակցությանն առնչվող հարցեր: