24 ապրիլի 2012 - 23:44 AMT
Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյան. Թուրք մարդասպաններին չհաջողվեց հայ ժողովրդին ոչնչացված տեսնել

Ապրիլի 24-ին Մոսկվայի նորակառույց եկեղեցական համալիրում հավաքվել էին հազարավոր հայեր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Եկեղեցու բակում տեղադրված պատմական խաչքարի մոտ ծաղկեպսակներ զետեղելուց հետո Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ.Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն, որին ներկա են գտնվել ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, մի շարք քաղաքական, հասարակական, կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ, եկեղեցու բարերարներ, «Հայորդյաց տան» ուսուցիչներ, սաներ, «ՆՈՒՌ» եկեղեցասեր երիտասարդաց միության անդամներ և այլն:

Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ.Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանը նշել է, որ հայերը շարունակում են ապրել և ստեղծագործել. «Թուրք մարդասպաններին չհաջողվեց հայ ժողովրդին ոչնչացված տեսնել»:

«Այսօր վերածնված է մեր ժողովուրդը` շնորհիվ մեր անդավաճան ու անսասան հավատքի, և մենք իրավունք չունենք այլևս սխալվելու: Մեր գնահատանքն ենք բերում հայոց վիշտը կիսող բոլոր պետություններին, որոնք արդարության հաստատման ջատագովներ են, որոնց ուղղամիտ պահվածքը ներշնչում է լավատեսություն, որ աշխարհում ի վերջո կդադարեցվեն մահ ու սարսափ սփռող գործողությունները»,- ասել է նա: