25 ապրիլի 2012 - 22:16 AMT
Սիրիայում Հայաստանի դեսպանը հույս ունի, որ նոր սիրիական խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

«Ալ Բաաս» պաշտոնական սիրիական թերթն ապրիլի 24-ին հրապարակել է Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Ջանփոլադյանի հարցազրույցը:

Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը, դեսպանը հարցազրույցում անդրադարձել է Օսմանյան կայսրությունում հայկական կոտորածներին, սկսած 19-րդ դարից, ինչպես նաև երիտթուրքերի կողմից իրագործված Հայոց ցեղասպանությանը, որի զոհ են դարձել 1,5 մլն մարդիկ:

Ջանփոլադյանը դատապարտել է մարդկության դեմ գործած այդ հանցագործությունը հերքելու քաղաքականությունը, որն իրականացնում են Թուրքիայի ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանությունները:

Բացի դրանից, դեսպանն անդրադարձել է հայ-արաբական հակաօսմանական պայքարին և Ցեղասպանությունից հետո արաբների, մասնավորապես սիրիացիների մարդասիրական վերաբերմունքին հայ ժողովրդի հանդեպ:

Նա հույս է հայտնել, որ նոր սիրիական խորհրդարանը կուսումնասիրի Հայոց ցեղասպանության հարցը, դրանով հանդերձ կատարելով իր մարդասիրական պարտքը հազարավոր հայերի հիշատակի առջև, ովքեր օսմանյան իշխանությունների կողմից սպանվել են Սիրիայի տարածքում: