11 մայիսի 2004 - 23:15 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՍԹՐԱՍԱԲՈՒՐԳՈՒՄ ԱՌԱՋԻԿԱ ԵՐԿՈՒ ՕՐԵՐԻՆ
Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, ըստ նախնական պայնավորվածության, կկայանա մայիսի 12-13-ին Սթրասբուրգում: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում, Հայաստանի պատվիրակությունը Վ.Օսկանյանի գլխավորությամբ ֆրանսիական այդ քաղաքում կմասնակցի Եվրախորհրդի նախարարների կոմիտեի 114-րդ նստաշրջանի աշխատանքին: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված հիմնական թեմաների թվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բարեփոխումների գործընթացը, Եվրախորհրդի ներդրումը ահաբեկչության դեմ միջազգային պայքարում եւ մի շարք այլ հարցեր: Նստաշրջանի ընթացքում հայ նախարարը հանդես կգա ելույթով, որում առավելապես կանդրադառնա ԵԽ առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացին, Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակին եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: