Մայիսի 8-ին Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում կկայանա արցախցի երիտասարդ դիզայներ Հովսաննա Պետրոսյանի հագուստի նոր հավաքածուի ցուցադրությունը։ Դիզայների խոսքով` նոր հավաքածուն Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության պատվերն է և նվիրված է Շուշիի 20-րդ տարեդարձին։
«Հավաքածուն բաղկացած է վեց շորից և կատարված է արցախյան տարազի տարրերով ու ժամանակակից լուծումներով։
Գույներում գերադասում եմ բաց ու հանգիստ երանգները»,- ասաց դիզայները։
Հովսաննա Պետրոսյանի խոսքով` հավաքածուն ստեղծելու գործում իրեն ոգեշնչել է Միքայել Ոսկանյանի «Mix Art» խմբի էթնոջազ երաժշտությունը, ինչից էլ ծագել է որոշ հագուստների վրա թառ գործիք և թթենի պատկերելու գաղափարը։
Նշենք, որ սա դիզայների թվով չորրորդ հավաքածուն է։ Մինչ այդ եղել են «Կանացի քմայք», «Հեղնար» և «Լեռնուհի» հավաքածուները։
«Լեռնուհի» հավաքածուով Հովսաննա Պետրոսյանը մասնակցել է «Ռուսկի սիլուետ» երիտասարդ դիզայներների մրցույթին։
Ինչ վերաբերում է նոր հավաքածուի հետագա ճակատագրին, Հովսաննա Պետրոսյանը հույս ունի, որ այդ հավաքածուով կմասնակցի մայիսի վերջին Երևանում կայանալիք «Նորաձևության շաբաթ» փառատոնին, հաղորդում է Karabakh-open.info-ն: