4 մայիսի 2012 - 12:34 AMT
Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոսը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Երևանում գտնվող Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոսը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Ինչպե հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, Ալմագրոսը ծաղկեպսակ է դրել հուշարձանի մոտ և եղևնի է տնկել հիշատակի ծառուղում:

Ուրուգվայի ԱԳ նախարարը նաև ծանոթացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրությանը, որտեղ նրան ցույց են տվել Ուրուգվայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին փաստաթուղթը: Նշենք, որ Ուրուգվայն առաջին երկիրն էր, որ 1965 թվականին պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Նա նաև գրառում է կատարել հուշամատյանում:

Լուիս Ալմագրոսին ուղեկցում էին ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը և ՀՅԴ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Ուրուգվայի ԱԳՆ ղեկավարը Հայաստանում է գտնվում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով: Այցի շրջանակներում Լուիս Ալմագրոսը հանդիպում կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, իր հայ պաշտոնակից Նալբանդյանի ու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: