5 մայիսի 2012 - 13:45 AMT
Աբու Դաբիում կատարվեց առաջին հայկական եկեղեցու հիմնարկեքի արարողությունը

Մայիսի 4-ին Աբու Դաբիում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ձեռամբ կատարվեց առաջին հայկական եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: Ինչպես հայտնում է Բեյրութում գտնվող կաթողիկոսարանի մամլո ծառայությունը, Աբու Դաբիի աճող հայ համայնքի համար եկեղեցի ունենալը տարիների երազանք էր: Գաղութ առաջին անգամ այցելով, 1997 թ-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը Միացյալ Արաբական Էմիրությունների իշխանությունների հետ հանդիպման ընթացքում բարձրացրել էր այս հարցը: Իշխանությունները եկեղեցու կառուցման համար հատուկ հող են հատկացվել և 100.000 դոլարի նվիրատութուն է կատարվել:

Ուրբաթ օրը Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ տեղի ունեցավ սուրբ և անմահ պատարագ, հույն ուղղափառ եկեղեցու մեջ: Ներկաներին իր պատգամը ուղղելով Վեհափառ Հայրապետը խոսեց սուրբ և անմահ պատարգի խորհուրդի մասին:

Պատարագից հետո տեղի ունեցավ աջահամբույր: Ապա ներկաները ուղղվեցին կառուցուելիք եկեղեցու վայրը: Վեհափառ Հայրապետի կողքին հիմնարկեքին ներկա էին Քուվեյթի և Արաբական ծոցի երկիրների թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերշնորհ Տ. Շահե եպս. Փանոսյանը, Հայաստանի դեսպանը և իր կինը, Դեր Զորի Հայաստանի պատվո հյուպատոսը, բարձրաստիճան մի շարք այլ անձիք և բազմաթիվ հավատացյալներ:

Հայ եկեղեցու ավանդույթի համաձայն, 16 կնքահայրեր հիմնարկեքի հատուկ քարերը իրենց ձեռքին` մեկ առ մեկ ներկայացան Վեհափառ Հայրապետին, ով մյուռոնով օծեց քարերը և ապա դրանք զետեղվեցին բարձրանալիք 16 սյուների տեղում:

Վեհափառ Հայրապետի ցանկությամբ այն կոչվելու է Սրբոց նահատակաց եկեղեցի` Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ:

Աբու Դաբիում գտնվելու ընթացքում Վեհափառ Հայրապետը հաջորդաբար հանդիպումներ ունեցավ Աբու Դաբիի Ազգային վարչության, միօրյա դպրոցի խնամակալության ու ուսուցչական կազմի, կանանց միության ու երիտասարդական համախմբի հետ: Արամ Ա-ն բարձր գնահատեց նրանց կատարած աշխատանքը և զորակցություն հայտնեց իրենց ծրագիրներին: