27 մայիսի 2004 - 21:02 AMT
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԱԶԳԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԻՆՏԵԳՐՎԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Հայաստանը շարունակելու է ժողովրդավարական ազգերի ընտանիքին լիովին ինտեգրվելու իր ճանապարհը, որը պահանջում է երկարատեւ ու հետեւողական աշխատանք: Այդ մասին այսօր հայատարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում հավատարմագրված մի շարք ոչ-ռեզիդենտ դեսպանների Երեւանում ընթացող հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ: Հայաստանի ղեկավարը նշել է այն լուրջ արդյունքները, որոնց հնարավոր է եղել հասնել մի քանի տարի առաջ որդեգրած փոխլրացման քաղաքականության արդյունքում, որի հիմնական իմաստն էր, իր խոսքերով, հաջողության որոնումը ոչ թե համընդհանուր եւ տարածաշրջանային հակասությունների սրման, այլ դրանց կարգավորման մեջ: «Կարեւորելով Հայաստանի սերտ գործակցությունը եվրոպական եւ այլ միջազգային կառույցների հետ մեր երկրի ապագան մենք տեսնում ենք Հայաստանի` արդի աշխարհի հետ համաքայլ ընթացքի մեջ»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը: Նախագահը պատասխանել է նաեւ դիվանագետներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին եւ երկրի ներքաղաքական իրավիճակին: