Երևանի «Սիրահարների» այգում այսօր տեղի ունեցավ հայ ժամանակակից արձակագիր Արամ Պաչյանի «Ցտեսություն ծիտ» վեպի շնորհանդեսը: Հեղինակը չցանկացավ բնորոշել կամ նշել, թե կոնկրետ ինչի մասին է գիրքը. «Գիրքը մասինների մասին պատկերացումների դեֆորմացումն է, իմ արձակը չի կարող մասինի մասին լինել: Գրքում ինձ համար կարևոր է և՛ ձևը, և՛ ռիթմը, և այն զգացողություններն ու պատկերացումները կյանքի մասին, որոնք ունեն վեպի հերոսները»:
Ըստ հեղինակի, գիրքը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են արդի հայ գրականությամբ:
«Գրքից հատվածներ եմ դեռ կարդացել, ընդհանուր տպավորությունս դրական է: Առհասարակ, Պաչյանի գրականությունն ինձ համար մեր ժամանակից գրականության համար ուրիշ, նոր որակ է, զգացվում է, որ շատ աշխատած գրականություն է»,- ասաց շնորհանդեսին ներկա Աստղիկ Հակոբյանը:
Գրքի խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ գործ ունենք մի վեպի հետ, որը փոխակերպումների է ենթարկում հայ ժամանակաից վեպը. «Վեպը հրաշալիորեն միահյուսված է հայ վիպագրության հետ: Այն, լինելով ներաշխարհային պատում, կարողացել է դուրս գալ հասարակությանը հուզող թեմաների ոլորտ»:
Գրականագետը նշեց նաև, որ վեպում պատասխան է տրվում այն կիսատ «մեսսիջներին», որը տվել էր հեղինակը իր նախորդ «Ռոբինզոն և 13 պատմվածք» ժողովածուում:
Շնորհանդեսին ներկա էին հեղինակի ընթերցողները, գրական աշխարհի ներկայացուցիչներ և պարզապես մարդիկ, ովքեր ուզում էին ձեռք բերել գիրքը հեղինակի ստորագրությամբ:
Վեպը լույս է տեսել 500 տպաքանակով և վաճառվելու է Երևանում գործող բոլոր գրախանութներում: