7 մայիսի 2012 - 18:26 AMT
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին Հաղթանակի օրվա առթիվ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 67-րդ տարեդարձի առթիվ, որում ասված է.«Հարգելի Տիգրան Սուրենի, Ընդունեք ջերմագին շնորհավորանքներս մեր ընդհանուր տոնի՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 67-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ռուսաստանի և Հայաստանի, ինչպես նաև Անկախ պետությունների համագործակցության բոլոր անդամ պետությունների քաղաքացիների համար այս առանձնահատուկ օրը մենք խորը երախտագիտությամբ և հարգանքով ենք հիշում ֆաշիզմի դեմ հաղթանակ տարած պատերազմի մասնակիցների սխրագործությունը և թիկունքում մարտնչողների տոկունությունն ու արիությունը:

Համոզված եմ, որ պատերազմի տարիների փորձությունն անցած Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական գործընկերությունն ապագայում ևս կամրապնդվի՝ ի շահ մեր երկու ժողովուրդների, հանուն Անդրկովկասում կայունության ու անվտանգության:

Օգտվելով առիթից` կցանկանայի սրտանց շնորհակալություն հայտնել Ձեզ համատեղ կառուցողական աշխատանքի համար, մաղթել նորանորհաջողություններ, քաջառողջություն և բարեկեցություն»: