12 մայիսի 2012 - 11:50 AMT
Ստեփանակերտում բացվեց «Եվրոպա» միջազգային բիզնես կենտրոնը

Օրերս Ստեփանակերտում բացվեց «Եվրոպա» միջազգային բիզնես կենտրոնը, որի կառուցման եւ շահագործման համար ներդրվել է շուրջ 5.5 մլն ԱՄՆ դոլլար:

Կենտրոնի տնօրեն Վլադիմիր Օհանյանի խոսքով` կենտրոնը բազմաֆունկցիոնալ է եւ նախատեսված է ինչպես բիզնես միջավայրի, այնպես էլ հանգստի համար: «Կենտրոնի հարկերից մեկը բիզնես-տարածքներ են եւ արդեն բոլորը վարձակալված են: Կենտրոնում տեղակայված է նաեւ 32 համարներով հյուրանոց, որից մեկը` նախագահական է, 7-ը` լյուքս: Ինչ վերաբերում է գներին, դեռ վերջնական որոշված չէ: Ամեն դեպքում ելնելու ենք շուկայական գներից ու պահանջարկից»,-նշել է պարոն Օհանյանը:

Բիզնես-կենտրոնը սկզբնական շրջանում մոտ 50 աշխատող կունենա, որոնց թիվը ժամանակի ընթացքում կավելանա: «Ներկա դրությամբ աշխատողների ընդունելությամբ ենք զբաղված: Մասնագետներ գտնելը շատ դժվար է, հատկապես՝ սպասարկման ոլորտի, որտեղ աշխատել ցանկացողները քիչ են, կամ էլ փորձառություն չունեն»,-բացատրում է տնօրենն ու հավելում, որ աշխատողների համար կկազմակերպվեն վերպատրաստման դասընթացներ:

Խոսելով պոտենցիալ հաճախորդների մասին` կենտրոնի տնօրենը շեշտել է, որ նրանք հիմնականում բիզնեսով կամ հանգստանալու նպատակով Արցախ այցելողներն են: Ինչ վերբերում է մրցակցությանը, Վ.Օհանյանն գտնում է. «Մենք հավանաբար մրցակից դառնանք «Արմենիա» եւ «Երեւան» հյուրանոցների համար», հայտնում է Karabakh-open.info-ն: