14 մայիսի 2012 - 12:13 AMT
Եվրախորհրդարանական. Հայաստանը պետք է անդամակցի եվրոպական ընտանիքին

«Արևելյան գործընկերության» ծրագիրը չափազանց կարևոր է և Հունգարիան շահագրգռված է, որ այն հաջող ընթացք ունենա:

Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Եվրախորհրդարանի պատգամավոր Զիտա Գուրմաին: Ըստ նրա, Հունգարիայի համար առաջնային են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և անկախ դատական համակարգը: «Այս ամենը ենթադրում է «Արևելյան գործընկերության» ծրագիրը և մենք հուսով ենք, որ այն կնպաստի խաղաղության ու կայունության հաստատմանը Կովկասում»,-ասել է եվրոպացի պատգամավորը: Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում:

Զիտա Գուրմաին գտնում է, որ Հայաստանը պետք է անդամակցի եվրոպական ընտանիքին: «Հայերն ու հունգարացիները միասին մարտնչել են Երկրորդ համաշխարհայինի տարիներին, մենք դա հիշում ենք: Եթե երկրները չհարգեն միմյանց և մոռանան պատմությունը, դա ոչ մի լավ բանի չի բերի: Օրինակը Թուրքիան է: Եվրախորհրդարանում ոչ ոք չի կասկածում, որ 1915թ. Ցեղասպանություն է եղել և քանի դեռ Թուրքիան չի ճանաչել այդ փաստը, նա առաջ չի գնա»,-ասել է պատգամավորը:

Ինչ վերաբերում է Հայաստանում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններին, ապա եվրապատգամավորը գտնում է, որ դրանք շատ ավելի լավ անցան, քան նախորդները և կանանց տոկոսը, որոնք ակտիվորեն մասնակցում են քաղաքական կյանքին, զգալիորեն աճել է: «Կանայք ցանկացած հանրության կարևոր մասն են և նրանք պետք է մասնակցեն օրինագծերի մշակմանը, որոնք ուղղված են ազգաբնակչության կյանքի բարելավմանը: Կարևորը անվտանգությունն է, տնտեսությունն ու մշակույթը, այդ ոլորտներից յուրաքանչյուրում կանայք կարող են օգտակար լինել»,-ասել է Զիտա Գուրմաին: