18 մայիսի 2012 - 09:25 AMT
«Հայկական ժամանակ». Եթե ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիա կազմվի, Օսկանյանը պետք է հրաժարվի պատգամավորի մանդատից

«Հայկական ժամանակը» գրում է, որ իրենց լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նույն կուսակցության 3-րդ համար Վարդան Օսկանյանին զգուշացրել է, որ եթե ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիա կազմվի, Օսկանյանը պետք է հրաժարվի պատգամավորի մանդատից:

«Օսկանյանը, սակայն, մեր տեղեկություններով, Ծառուկյանին ասել է, որ կուսակցությունից դուրս կգա, բայց մանդատից չի հրաժարվի և խորհրդարանում կգործի որպես անկախ պատգամավոր: Մեր տեղեկություններով, Ծառուկյանը նման խնդիր առաջադրել է նաև Հմայակ Հովհաննիսյանին, որը ԲՀԿ համամասնական ցուցակի 9-րդ համարն է և փաստացի ընտրվել է պատգամավոր: Լուրեր կան, սակայն, որ Հովհաննիսյանը նույնպես մտադիր չէ որևէ պայմանով հրաժարվել պատգամավորական մանդատից: Օսկանյանն ու Հովհաննիսյանը, ինչպես նաև նրանց բազմաթիվ կողմնակիցներ դեռևս հույս ունեն, որ ԲՀԿ-ն կոալիցիայի մաս չի կազմի: Նույնիսկ այս պարագայում, սակայն, ԲՀԿ ներսում լարվածություն կառաջանա, որովհետև այստեղ քիչ չեն նաև կոալիցիա կազմելու կողմնակիցները: Այս բլոկը գլխավորում են առողջապահության նախարար Հարություն Քուշքյանն ու քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը»,- գրում է թերթը: