18 մայիսի 2012 - 16:02 AMT
Բելառուսի հայ համայնքի անդամները պարգևատրվել են ՀՀ մշակույթի նախարարության մեդալով

«Արտերկրում հայ մշակույթի պահպանման, տարածման և էստրադային երաժշտության զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար» Բելառուսի անվանի երգչուհի Իսկուհի Աբալյանին Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը հանձնել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալը:

ՀՀ մշակույթի նախարարության ևս մեկ Ոսկե մեդալ ՀՀ դեսպանը հանձնեց Բելառուսի «Էրեբունի» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Ավանեսյանին «Արտերկրում հայ մշակույթի պահպանման, տարածման և պարարվեստի զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար»:

Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 16-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկի «Կինոյի տանը»` «Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմի ցուցադրությունից հետո:

Բացման խոսքով հանդես եկավ ԲՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, որը շնորհակալություն հայտնեց ներկաներին հրավերը ընդունելու համար:

Հրավիրվածների թվում էին հայ համայնքի, Բելառուսում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, Բելառուսի հասարակության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: