18 մայիսի 2012 - 17:03 AMT
Արամ Սարգսյանն ու «Հանրապետությունը» դուրս են եկել ՀԱԿ-ից

Ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցությունը դուրս է եկել Հայ ազգային կոնգրեսի կազմից: Որոշումը միաձայն ընդունվել է կուսակցության քաղխորհրդի ընդլայնված նիստում, որին մասնակցել են քաղխորհրդի անդամներն ու տարածքային կառույցների ղեկավարները:

Մայիսի 11-ին «Հանրապետության» նախագահ Արամ Սարգսյանը պաշտոնապես հայտարարեց, որ հրաժարվում է պատգամավորի մանդատից՝ չբացառելով, որ իր կուսակցությունը կարող է դուրս գալ ՀԱԿ կազմից: Ըստ Սարգսյանի, նրանք տարաձայնություններ ունեն ՀԱԿ գործունեության, ներքաղաքական գործընթացների ու արտաքին քաղաքականության ասպարեզում դիրքորոշումների շուրջ: Լրագրողների հարցին պատասխանելով՝ նա հստակեցրեց, որ տարաձայնությունները սկսվել են 2011թ. գարնանը:

Սարգսյանը նշեց, որ իշխանություններն այս ընտրություններում կարողացան որոշ չափով օգտվել փոփոխությունների ցանկությունից, իսկ նա ցանկանում է ներկայացնել Հայաստանի ապագայի իր տեսլականը և ծրագրային ելույթով հանդես կգա կուսակցության սեպտեմբերին կայանալիք համագումարում: Ըստ Սարգսյանի, ընդդիմադիր տրամդրված բնակչության 90 տոկոսից, ԱԺ-ոըւմ ներկայացված է առավելագույնը 15-20 մարդ: «Ես ցանկանում եմ փողոցում լինել այդ 90 տոկոսի հետ»,-ասել է նա:

Արամ Սարգսյանը երրորդն էր ՀԱԿ համամասնական ընտրացուցակում: