Հանրապետությունում գայլերի կողմից ոչխարների հոշոտման դեպքերը պայմանավորված են ձագերի կերակրման խնդրով։
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը`անդրադառնալով օրերս գրանցված ոչխարների հոշոտման մի քանի դեպքերին։
«Ամեն տարի այս ամիսներին գայլերի մոտ ագրեսիվություն է նկատվում, սա կապված է ծննդաբերված ձագերի` մեկ ամսական և մի քիչ ավել, կերակրման հետ»,-ասաց նա։
Ավալյանը նշեց, որ մինչ օրս գրանցվել է գայլորսության 179 դեպք, որից յուրաքանչյուրի համար վճարվել է 100 հազար դրամ։
Կառավարությունը 2011 թվականի փետրվարի 10-ից գայլերի թվաքանակի կարգավորման համար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը գումար է հատկացնում։
Այս տարի կառավարության կողմից 20 մլն դրամ է հատկացվել, նախորդ տարի`10 մլն։
Անցած տարվա գումարն ամբողջությամբ իրացվել է, իսկ այս տարվա 20 մլն-ից` դեռևս 17մլն 900 հազարը 179 գայլի դիմաց։
«21 գայլի դիմաց գումարը թողել ենք 4-րդ եռամսյակի համար»,- ասաց Ավալյանը` հավելելով, որ փոխանցումը կատարում են որս կատարածին ամենամոտ գտնվող բանկերից մեկը, որտեղից 10 օրվա ընթացքում մարդիկ կարող են անձնագրերով ստանալ գումարը։
Ավալյանը բյուջեի կրկնապատումը պայմանավորում է գայլերի որսի թվաքանակի ավելացմամբ։