25 մայիսի 2012 - 18:07 AMT
Ավստրալիայում հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունների զոհերին նվիրված հուշարձան է բացվել

Մայիսի 20-ին Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկված քրիստոնյաների ժառանգները՝ հայկական, հունական և ասորական համայնքները հուշարձան են բացել՝ նվիրված 1915-32թթ. թուրքերի կողմից իրագործված եղեռնի զոհերի հիշատակին, հայտնում է Հարավային Ավստրալիայի Հայկական մշակութային ասոցիացիան: Միջոցառումը մեկնարկեց հունական եկեղեցում, որտեղ հավաքվել էին բոլոր երեք համայնքների ներկայացուցիչները, ինչպես նաև ավստրալացի պաշտոնյաներ ու գերագույն իշխանությունների ներկայացուցիչներ: Դրանից հետո, հավաքվածները ուղղվել են դեպի հուշարձան, որտեղ ծաղկեպսակներ են դրել ի հիշատակ Ցեղասպանության զոհերի ու ընթերցել են հատվածներ Աստվածաշնչից:

Հարավային Ավստրալիայի Հայկական մշակութային ասոցիացիայի նախագահ Ելենա Հարիսոնն ասաց. «Հուսով եմ, որ այս հուշարձանը սրբություն կդառնա մեր երեք ժողովրդների համար՝ հիշեցնելով մեր նահատակված նախնիների մասին»: