28 մայիսի 2012 - 15:25 AMT
Սերգեյ Շաքարյանց. 1918թ հերոսամարտերը փրկեցին Հայաստաը ոչնչացումից

«Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում նահանջելը կնշանակեր ողջ ազգի պարտություն»,-այսօր Երևանում Հայաստանի Առաջին հանրապետության օրվան նվիրված մամլո ասուլի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանը: Ըստ նրա, ազգը ոչնչացման եզրին էր, միայն հերոսամարտերը փրկեցին Հայաստանը: Նա ընդգծել է, որ ժողովրդի համար ավելի կարևոր բան չկա, քան հաղթանակը այն թշնամու նկատմամբ, որը փորձում է ոչնչացնել նրան:

Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել 1918թ մայիսի 12-28-ին` հայ կանոնավոր զորքերի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրք զավթիչների միջև, Սարդարապատում: Ճակատամարտն ավարտվել է հայերի փայլուն հաղթանակով: Սարդարապատի ճակատամարտը, որը տեղի էր ունենում Ղարաքիլիսայի և Բաշ-Ապարանի ազատամարտերի հետ միասին հայ ժողովրդի ազատագրական պակքարի ամենափայլուն էջերից է: Այն ապացուցեց, որ հաջողության գրավականը ազգի միասնության մեջ է:

Ամեն տարի մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Հայաստանի Առաջին հանրապետության օրը: 1918թ. մայիսի 28-ին Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության (ԱԺԴՀ) փլուզումից հետո Արևելյան Հայաստանի տարածքում հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը:

Առաջին Հանրապետությունը գոյատևեց երկու տարի: 1920-ի դեկտեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ պայմանագիր ստորագրեց բոլշևիկների հետ: Ստեղծվեց Հայկական ԽՍՀ-ն, որը գոյատևեց մինչև ԽՍՀՄ փլուզումը` 1991թ: