28 մայիսի 2012 - 15:21 AMT
Աշնակ գյուղում նշվել է ֆիդայիների ոգեկոչման օրը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում մասնակցել է ամեն տարի մայիսի 27–ին նշվող ֆիդայիների ոգեկոչման արարողությանը։

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, քաղաքապետն այցել է Գևորգ Չավուշի թանգարան, ծաղիկներ դրել ֆիայապետի զարմիկ Գևորգ Մելքոնյանի շիրիմին, ում անմիջական ջանքերով է Աշնակում ստեղծվել Չաուշի թանգարանը։

Յուրաքանչյուր տարի այս օրը Հայաստանի տարբեր վայրերից մարդիկ Աշնակ են այցելում ոչ միայն նշելու հայ ազգային ազատագրական շարժման հերոս, համիդյան արյունոտ վարչակարգի դեմ ոտքի ելած հայ ֆիդայական շարժման առաջին սերնդի ներկայացուցիչ Գևորգ Չաուշի հիշատակի օրը, այլև մասնակցելու ազատագրական շարժման մասնակից բոլոր ֆիդայիների ոգեկոչման արարողությանը։

Աշնակում նաև համերգային մեծ ծրագիր էր կազմակերպվել, որի ընթացքում մայրաքաղաքից ժամանած հայտնի երգիչներն ու համույթները ներկայացրել են ազգային, հայրենասիրական երգեր ու պարեր։