Իրանում սգո միջոցառումներ են անցկացվում Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր, այաթոլլահՌուհոլլահ Մուսավի Խոմեյնիի մահվան 23-րդ տարելիցի առթիվ: Ողջ երկրում կազմակերպվել են հիշատակի ակցիաներ, գրքային ցուցահանդեսներ, լուսանկարչական ցուցադրություններ, թատերական ներկայացումներ, Ղուրանի հանդիսավոր ընթերցումներ մզկիթներում:
Այս սգո օրերին Թեհրանից 40կմ հեռավորության վրա գտնվող Խոմեյնիի դամբարան այցելելու ցանկություն ունեցող ուխտագնացների համար կազմակերպվել է անվճար երթևեկություն: Անցյալ շաբաթ օրը ուխտագնացների առջև ելույթ ունեցավ ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադը:
Ռուհոլլահ Մուսավի Խոմեյնին իր ողջ կյանքը նվիրել է շահական վարչակարգի դեմ պայքարին, շուրջ 15 տարի աքսորի մեջ է եղել, իսկ 1979թ. հեղափոխական տրամադրությունների ալիքի ժամանակ վերադարձել հայրենիք: Նրա կարգադրությամբ երկրում անցկացվեց հանրաքվե, որի ժամանակ մասնակիցների 99% քվեարկեց Իսլամական Հանրապետության հռչակման օգտին: Խոմեյնին մահացել է 87 տարեկանում սրտի նոպայից: