4 հունիսի 2012 - 17:40 AMT
Սերժ Սարգսյանը հունիսի 5-ին պաշտոնական այցով կմեկնի Ճապոնիա

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 5-7-ը պաշտոնական այցով կմեկնի Ճապոնիա: Հանրապետության ղեկավարը Տոկիոյում հանդիպումներ կունենա Ճապոնիայի բարձրագույն ղեկավարության հետ, կքննարկի հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Ճապոնիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Ինչպես հայտնում է նախագահի մամլո ծառայությունը, Սենդայ քաղաքում Սերժ Սարգսյանը կայցելի «Յուրիագե-Հիյորիյամա» հուշահամալիր, հարգանքի տուրք կմատուցի ցունամիի զոհերի հիշատակին, կծանոթանա աղետի հետևանքների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքներին:

Հանրապետության ղեկավարը հունիսի 8-ին պաշտոնական այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն:

Վիետնամում Սերժ Սարգսյանը հանդիպումներ և քննարկումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Նախատեսվում է նաև հայ-վիետնամական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Հանոյում Նախագահը հանդիպում կունենա նաև հայկական բուհերի շրջանավարտների հետ: