4 հունիսի 2012 - 19:34 AMT
Ղարաբաղում ձեթի արտադրության նոր գործարան կկառուցվի

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին այցելել է Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղ և ծանոթացել այնտեղ կառուցվող ձեթի գործարանի շինարարական աշխատանքներին:

Երկրի ղեկավարը կարևոր է համարել այս խոշոր ձեռնարկության կառուցումը` ընդգծելով, որ այն մեծ դերակատարություն կունենա Արցախում գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության զարգացման գործում:

Այնուհետև նախագահն ուղևորվել է Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղ, որտեղ ծանոթացել է այնտեղ իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին:

Բակո Սահակյանը նշել է, որ Խաչմաչի համայնքի ցուցաբերած աշխատաոճն ու կիրառվող շինարարական մոտեցումները բավականին հետաքրքիր են և կարող են օգտագործվել նաև այլ բնակավայրերում:

Երկրի ղեկավարին ուղեկցում են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: