6 հունիսի 2012 - 16:03 AMT
Ս. Սարգսյանն ու Յ. Նոդան նշել են, որ Հայաստանի ու Ճապոնիայի միջև փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա

Շարունակվում է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ճապոնիա: Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել վարչապետ Յոշիհիկո Նոդայի հետ: Հանդիպման սկզբում նախագահը նախ ցավակցություն է հայտնել արքայազն Տոմոհիտո Միկասանոմիյայի մահվան կապակցությամբ:

Ինչպես հայտնում է նախագահի մամ;ո ծառայությունը, Հանրապետության նախագահը և Ճապոնիայի վարչապետը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Նրանք երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-ճապոնական հարաբերությունները զարգացել են բարեկամության և փոխվստահության մթնոլորտում:

Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Նոդայը նշել են, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա: Հատկապես կարևորվել է բնական աղետների կանխարգելման, դրանց հետևանքների վերացման ուղղությամբ համագործակցությունը և փորձի փոխանակումը: Համագործակցության առումով հեռանկարային են համարվել նաև գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտները:

Ճապոնիայի վարչապետը նշել է, որ իր երկիրը մտադիր է միջազգային հանրության հետ կիսվել ատոմակայանների անվտանգության բարձրացման հետ կապված փորձով և այդ նպատակով երկուստեք կարևորվել է Ճապոնիայի հետ Հայաստանի համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների միջև արդյունավետ և փոխաջակցության ոգով զարգացող փոխգործակցությանը և կարևորել դրա շարունակականությունը:

Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է, որ հայ-ճապոնական քաղաքական երկխոսությունը վերջին շրջանում ակտիվացել է, ինչի վկայությունն է նաև Տոկիոյում ՀՀ դեսպանության բացումը, կարևորվել է Հայաստանում ևս Ճապոնիայի դեսպանատան հիմնումը: Զրուցակիցները քննարկել են նաև Հարավկովկասյան և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների արդի հիմնահարցերը՝ արձանագրելով դրանց խաղաղ և բանակցային ճանապարհով լուծման երկու երկրների մոտեցումերի ընդհանրությունը:

Հանդիպման ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Յոշիհիկո Նոդան ստորագրել են Հայաստանի Հանրապետության Նախագահի և Ճապոնիայի վարչապե¬տի համատեղ հայտարարությունը: Այսօր երեկոյան ի պատիվ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ճապոնիայի վարչապետ Յոշիհիկո Նոդայի անունից տրվել է պաշտոնական ճաշ: