6 հունիսի 2012 - 18:39 AMT
Հայաստանում քննարկել են կաթնամթերքի արտադրության խնդիրները

Հայաստանի գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր հրավիրել կաթնամթերքի արտադրության ոլորտի 3 տասնյակից ավելի ձեռնարկությունների ղեկավարների` քննարկելու ոլորտում առկա իրողություններն ու զարգացումները, վերջին շրջանում կաթի գնի անկման հետ կապված դժգոհությունների ու ահազանգերի հիմքերը և, ըստ ամենայնի, հասնելու փոխձեռնտու պայմանավորվածությունների մթնոլորտի ձևավորմանը կաթ արտադրողների և վերամշակողների միջև:

Ինչպես հաղորդում է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը, նախարարը նշել է. «Վերջին շրջանում ոլորտը զգալի առաջընթաց է ապրել: Բավական է ասել, որ հունվարի 1-ի դրությամբ շուրջ 28 հազարով ավելացել է խոշորի և ավելի քան 57 հազարով` մանր եղջերավորների գլխաքանակը»:

Խորհրդակցության մասնակիցները համագործակցության մասին հուշագիր են ստորագրել, որով առաջիկա 4-5 տարիների համար ոլորտում նախատեսվում են աջակցության բազմաթիվ և մեծ ծրագրեր: