Հայաստանի և Չինաստանի գլխավոր դատախազներ Աղվան Հովսեփյանը և Ցաո Ձյանմինը այսօր Երևանում ստորագրել են երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև 2012-2013թթ համագործակցության ծրագիր:
Ինչպես ծրագիրը ստորագրելուց առաջ ընդգծել է Աղվան Հովսեփյանը, դեռևս 1998թ Պեկինում Հայաստանի և Չինաստանի միջև ստորագրվել է իրավական համագործակցության վերաբերյալ պայմանագիր:
Ըստ նրա, Հայաստանն ու ՉԺՀ-ն համագործակցում էին մաքսանենգության, ինտերնետային խարդախության դեմ պայքարում, «և տնտեսական կապերի զարգացմանը պետք է հետևեր իրավական դաշտում համագործակցության ամրապնդումը»:
ՀՀ գլխավոր դատախազը նկատել է, որ համագործակցության նմանատիպ համաձայնագիր գոյություն ունի Հայաստանի և Ռուսաստանի միջև: Այն ամեն անգամ թարմացվում է: Նա ընդգծել է, որ Չինաստանի հետ համաձայնագիրը հնարավորություն կտա էլ ավելի սերտորեն համագործակցել իրավական ոլորտում:
Իր հերթին Չինաստանի գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինն ընդգծել է, որ այս տարի նշվում է ՀՀ և ՉԺՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Ընդ որում, նա նկատել է, որ Հայաստանն ու Չինաստանը կապված են եղել դեռևս 2000 տարի առաջ` «Մետաքսե ճանապարհի» միջոցով:
ՉԺՀ գլխավոր դատախազի խոսքով, Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները բարեհաջող զարգանում են բոլոր ոլորտներում, մասնավորապես` քաղաքական և տնտեսական, և «մենք մեծ ցանկություն ունենք երկու երկրների դատախազությունների միջև համագործակցությունը զարգացնելու»:
Ձյանմինը հավելել է նաև, որ ինքն արդեն 2-րդ անգամ է այցելում Հայաստան և զգում է հայ ժողովրդի բարեկամական վերաբերմունքը չին ազգի նկատմամբ:
Ըստ 2012-2013թթ համագործակցության ծրագրի, Հայաստանի և Չինաստանի դատախազությունները պայմանավորվել են կազմակերպել համատեղ սեմինարներ, կլոր սեղաններ, որոնց ժամանակ կքննարկվեն կոնկրետ հանցագործությունների տեսակներին վերաբերող հարցեր: