11 հունիսի 2012 - 13:17 AMT
Ջոն Հեֆֆերնը հուսով է, որ 2015թ. կդառնա Հայաստանի ու Թուրքիայի հաշտեցման տարի

2015 թվականը չափազանց կարևոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի համար, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը թուրքական Today’s Zaman պարբերականին տված հարցազրույցում: Ըստ դեսպանի, նա հուսով է, որ Թուրքիան ու Հայաստանը կկարողանան 2015թ. «վերածել ստեղծարար գործընթացի, որտեղ երկու ազգերը կկարողանան մերձենալ»:

«2015թ. պետք է լինի այն տարին, որտեղ չեն լինի պարտվածներ»,-հայտարարել է դիվանագետը: Ջոն Հեֆֆերնը հայտարարել է նաև, որ հարաբերությունները Թուրքիայի ու Հայաստանի միջև կարևոր են ԱՄՆ համար: Ըստ նրա, կարգավորման համար առաջին հերթին հարկավոր է վավերացնել Արձանագրությունները, ինչը առանցքային ու հիմնական քայլ է: ԱՄՆ-ն հուսով է, որ դա կարվի, ասել է դեսպանը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ի համար կարևոր է Թուրքիայի ու Հայաստանի հաշտեցումը:

Ջոն Հեֆֆերնը նաև անդրադարձել է իրավիճակի սրմանը Ադրբեջանի ու Արցախի ԶՈւ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին: Ըստ նրա, Լեռնային Ղարաբաղը «լուրջ խնդիր է Հայաստանի ու Ադրբեջանի համար»: «Կատարված բախումներն ապացուցում են, որ ղարաբաղյան հակամարտությունը չափազանց լուրջ խնդիր է և որ ստատուս քվոն անընդունելի է երկու կողմերի համար էլ»,-ասել է Հեֆֆերնը: Ըստ նրա, ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ փորձում է գտնել խնդրի լուծումը, հասկանալով, որ խաղաղ, դիվանագիտական լուծումից զատ, կարգավորման այլ ուղի չկա:

Հայստանում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ պետք է տնտեսական բնույթի մի շարք միջոցներ ձեռնարկել Հայաստանի ու Թուրքիայի միջև: Մասնավորապես, բացել Կարս-Գյումրի երկաթուղին: «Եթե երկաթուղին գործի, դա հսկայական խթան կհանդիսանա առևտրի ու զբոսաշրջության համար»,-ասել Հեֆֆերնը: Հեֆֆերնը նաև հայտարարել է, որ ճանապարհը կարելի է բացել առանց բացելու ողջ սահմանը:

Եվս մեկ կարևոր պահ՝ խաղաղության մթնոլորտի ստեղծումը, շփումները մարդկանց միջև, անդրսահմանային փոխանակումները, որոնց ԱՄՆ-ն հատուկ ուշադրություն է դարձնում: